Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեղի կունենա Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացումը

Տեղի կունենա Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացումը
03.10.2015 | 18:22

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ «Հանդիսավոր պոեմ» և Սիմֆոնիա թիվ 2 «Զանգով սիմֆոնիա»։
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ 2015 թ. հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո: Սիմֆոնիկ համերգները կկայանան յուրաքանչյուր շաբաթ, կամերային համերգները` չորեքշաբթի օրերին:
Փառատոնի ընթացքում նվագախումբը կհյուրընկալի ճանաչված երաժիշտների, ինչպիսիք են՝ ջութակահարներ Չադ Հուփսը (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոումը (Ֆրանսիա), Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա), դաշնակահարներ՝ Ալեքսանդր Ռոմանովսկին (Իտալիա/Ուկրաինա), Աննա Վինիցկայան (Ռուսաստան), թավջութակահարներ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), Միքայել Հախնազարյանը (Հայաստան), հանրահայտ շեփորահար Սերգեյ Նակարյակովը (Իսրայել/Ռուսաստան), դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), Վահագն Պապյանը (Իսրայել) և Միրան Վոպոտիչը (Խորվաթիա):
Նվագախումբն առանձին համերգային ծրագրեր կնվիրի երաժշտագետ Աննա Բարսամյանի, ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի և անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100, Լևոն Մալխասյանի 70, ինչպես նաև՝ Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակներին. վերջինիս հոբելյանի առիթով՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա նվագախմբի առաջատար երաժիշտներից կազմված Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը:
Փառատոնի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Բեթհովենի և Խաչատրյանի Ջութակի կոնցերտները, Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Դվորժակի Թավջութակի կոնցերտը, Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտազիա-նախերգանքը, Հինգերորդ սիմֆոնիան, Մալերի 1-ին սիմֆոնիան, Սկրյաբինի «Էքստազի» պոեմը, Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Դվորժակի հանրահայտ 9-րդ սիմֆոնիան, Ստրավինսկու «Սրբազան գարունը», Սեն-Սանսի 3-րդ սիմֆոնիան և մի շարք այլ ստեղծագործություններ:
Հոկտեմբերի 10-ին նվագախումբը կներկայացնի ամերիկացի կոմպոզիտոր Էնթոնի լա Բոունթիի «Շարական» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Այս ստեղծագործության սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը կոմպոզիտորը հատուկ գրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար:
Փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կհնչեն Բարտոկի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, Սեն-Սանսի «Մուսան և պոետը»՝ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, Պուչչինիի սիմֆոնիկ պրելյուդը, Բարբերի Ջութակի կոնցերտը, ժամանակակից կոմպոզիտորներից` Պենդերեցկու 3-րդ սիմֆոնիայի ադաջոն:
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի կատարմամբ կհնչեն Գեորգի Սվիրիդովի կամերային ստեղծագործությունները, որոնց մեծ մասը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ:
Մշտապես կարևորելով նվագախմբի տաղանդավոր մենակատարներին աջակցելու ծրագրերը՝ այս տարի նույնպես փառատոնի շրջանակում հանդես կգան նվագախմբի մենակատարները՝ ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և տրոմբոնահար Վահրամ Դավթյանը: Նրանց կատարմամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեն Ռոտայի Ֆագոտի կոնցերտը և Դավիդի Տրոմբոնի կոնցերտինոն:
Փառատոնը ներառում է երկու համերգային ծրագիր դպրոցականների համար. նոյեմբերի 11-ին և 18-ին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցների համար կհնչեցնեն հատվածներ Ա. Խաչատրյանի մանկական ալբոմից:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ փառատոնի փակման հանդիսավոր համերգին կներկայացնի նորարարական մի ծրագիր. առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ:
Նշենք, որ փառատոնն անցացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ), ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ